Ինդոնեզիայում մոլեգնող անտառային հրդեհները սպառնում են բնապահպանական նոր ճգնաժամով
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են անտառային հրդեհների օջախների կտրուկ ավելանելու մասին Կալիմանտան եւ Սումատրա կղզիներում՝ ընդսմին չբացառելով 2015 թվականի բնապահպանական ճգնաժամի կրկնվելու հնարավորությունը, երբ սաստիկ ծխոտումից տուժեցին հարեւան Մալայզիան եւ Սինգապուրը: Տարերային աղետների կանխման գործակալության այս տվյալներն օգոստոսի 13-ին հրապարակել է The Jakarta Post թերթը։
«Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, մենք կարող ենք բախվել 2015 թվականի իրադրությանը, երբ անտառային հրդեհների ծուխը պատեց ոչ միայն ինդոնեզական նահանգները, այլեւ հարեւան պետությունները»,-հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ագուս Վիբովան:
Անցած շաբաթվա վերջի դրությամբ գրանցվել էր հրդեհների ավելի քան 2 հազար օջախ, շաբաթվա ընթացքում այդ թիվն աճել է կրկնակի: Առավել շատ տուժած են համարվում Ռիաու, Արեւմտյան Կալիմանտան եւ Կենտրոնական Կալիմանտան նահանգների շրջանները: Գործակալության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ծխոտումն արդեն զգացվում է Մալայզիայի սահմանակից նահանգներից մեկում:
2015 թվականին առավել ընդգրկուն անտառային հրդեհներն են գրանցվել Ինդոնեզիայի պատմության մեջ: Այն ժամանակ զոհվեց տեղի 24 բնակիչ: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, ոչնչացան 2,6 մլն հեկտար անտառ եւ գյուղատնտեսական հանդակներ: Վնասը գնահատվում է 16,1 մլրդ դոլար, ինչը հավասար է 2015 թվականին հանրապետության համախառն ներքին արդյունքի 1,9 տոկոսին:
Բացի այդ, հարեւան երկրները, նախեւառաջ Սինգապուրը եւ Մալայզիան, ինչպես նաեւ մասամբ Լաոսը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները, վերապրեցին իրենց պատմության մեջ ամենաուժեղ ծխոտումը անտառային հրդեհներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: