
Սաստիկ հրդեհ է բռնկել Հունաստանի Էվբեոս կղզում

Ուժգին անտառային հրդեհ է օգոստոսի 13-ին սկսվել Հունաստանի Էվբեոս կղզում՝ Աթենքից ոչ հեռու: Այդ մասին հայտենել է Skai հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կրակը բռնկել է գիշերը Ագրիլիցայի սոճու թավ անտառում:
Տարհանման են պատրաստվում տեղի երեք գյուղերի (Ագրիլիցա, Կոնդոդեսպոտի եւ Մակրիմալի) բնակիչները: Հրդեհից առաջացած ծուխը մեծ տարածք է ընդգրկել եւ զգացվում է Աթենքի եւ Ատտիկա կենտրոնական մարզի բազմաթիվ շրջաններում՝ Էվբեոսից տասնյակ կիլոմետր հեռավորությամբ:
Կրակի դեմ պայքարում են 133 հրշեջներ 45 հրշեջ մեքենայով: Սաստիկ քամիներն ու ծուխը խանգարում են հրշեջ օդուժի աշխատանքին:
Հունաստանում այս օրերին 40 աստիճանի հասնող տապ է հաստատվել, որն ուղեկցվում է ուժգին քամիով: Երկրի տարբեր շրջաններում ամեն օր տասնյակ հրդեհներ են բռնկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: