Հայաստանն ու Իրանն ապացուցել են բարձր մակարդակի հարաբերությունները զարգացնելու երկուստեք ցանկությունը. ՀՀ ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով:
Դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն է հայտնել անցնող ժամանակահատվածում ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ ԻԻՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը:
Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ քարտուղար Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Սաջջադիին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի ու ցուցաբերած նվիրվածության համար և հաջողություն մաղթել վերջինիս նոր նշանակումներում:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերին: