Բաժիններ՝

Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. Պարզաբանում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան  Գալստյանն աշխատակցի ստենտավորման մասին տեղեկատվությունից հետո անգամ շարունակում է պնդել, որ այսօր խորհրդարանում իր աշխատակիցների հետ տհաճ զրույց չի ունեցել, միջադեպ չի գրանցվել ԱԺ-ում, մինչդեռ 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ երկու ժամ առաջ շտապօգնութան մեքենան հեռացել է ԱԺ-ի մոտից: Միջադեպից հետո հիվանդանոց տեղափոխված աշխատակցին սրտի վիրահատության են ենթարկել:

Հիվադանոց տեղափոխված անձը՝ Սասուն Պետրոսյանը, հիշեցնենք, ԱԺ աշխատակազմի հեռահաղորդակցման բաժնի պետն է, և այսօր տհաճ միջադեպը գրանցվել է ղեկավարության հետ կադրային կրճատումների մասին խոսք ու զրույցի ընթացքում:

Տիգրան Գալստյանը չթաքցրեց, որ մեզնից տեղեկացավ իր աշխատակցին ստենտավորելու մասին, այսինքն՝ նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց ուղարկելուց հետո, փաստորեն, միջադեպի մասին  հրապարակումները կեղծ տեղեկատվություն որակած Տիգրան Գալստյանը հարկ չի համարել հետաքրքրվել աշխատակցի վիճակի մասին:

Ավելին, նա համարում է, որ աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է պարզապես  աշխատանքային պրոցեսի ընթացքում և ոչ իրենց մեղքով, երբ կադրային կրճատումների մասին պարզաբանումները վերածվել են վեճի:

«Կներեք, հնարավո՞ր չի, որ մարդն աշխատանքային իրավիճակում իրեն վատ զգա և դիմի բժշկին, կրկնում եմ՝ բանավեճ մեր միջև տեղի չի ունեցել»,- 168.amի հետ զրույցում այսօրվա  միջադեպի և դրա ծանր հետևանքների մասին պարզաբանեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը՝ հերքելով միջադեպի պատճառների մասին լուրերը, թե հեռահաղորդակցման բաժնի աշխատակիցներին այսօր կանչվել-առաջարկվել է ազատման դիմումներ գրել՝ հեռանալ կամ ավելի ցածր դասի  հաստիքի համար մրցույթի մասնակցել, որպեսզի, մեծ հաշվով, աշխատանք չկորցնեն:

«Պարզապես էդ ստորաբաժանման աշխատակիցներին կանչվել, առաջարկվել է, որ ստեղծվում է նոր ստորաբաժանում: Համանման իրենց պաշտոններն առաջարկվել է, որ զբաղեցնեն, երևի քննարկում է եղել այն մեխանիզմների մասով, որով իրականում պիտի էդ պաշտոնների զբաղեցումն ապահովեն, էդտեղ թյուրիմացություն է եղել և միգուցե էդ թյուրիմացության արդյունքում էլ մարդիկ իրար չեն հասկացել, ինչից հետո  երևի այդ մարդն իրեն վատ է զգացել»,-  աշխատակցի ինքնազգացողությունը վատանալու պատճառն այսպես է բացատրում նրա ղեկավար Տիգրան Գալստյանը:

Հեղափոխությունից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակված Տիգրան Գաստյանը, փաստորեն, համարում է, որ մարդիկ իր կողմից առաջարկվող ծածուկ փոփոխություներին չեն տիրապետում լիարժեք, իսկ թե ինչու է ինքն անձամբ այդ ամենի մասին գաղտնի պահում և սպառիչ տեղեկատվություն չի տալիս աշխատակազմին, չի հրապարակում նաև լրատվամիջոցների միջոցով, պատասխան չկա:

168.am-ը հետևում է ԱԺ աշխատակազմում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններին և պարբերաբար տեղեկացնում է հնարավոր կրճատումների և առաջարկվող փոփոխություների մասին:

Եվ այսօր նույն կրճատումներից ստեղծված ներքին լարվածությունը, հիշեցնենք, պայթել էր  միջադեպով:

Սրտի սուր ծակոցներով շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված միջին տարիքի տղամարդը սրտի վիրահատության է ենթարկվել:

Նշենք, որ մինչ այդ, ըստ մեր աղբյուրների՝ միջադեպից առաջ նա եղել է ղեկավարի կաբինետում, իր անհամաձայնությունն է հայտնել առաջարկվող փոփոխություներին առ այն, որ բաժնի պետի հաստիքից իրեն իջեցում է առաջարկվել: Մասնավորապես առաջարկվել է դառնալ առաջին կարգի մասնագետ կամ լքել աշխատակազմը: Մինչդեռ Սասուն Պետրոսյանն ԱԺ նստաշրջանին ապահովում է  հեռահաղորդակցման ողջ տեխնիկական մասը՝ մոնիտորի կառավարումից մինչև քվեարկության տեխնիկական ապահովում, զուգահեռաբար՝ նաև մի շարք այլ հեռահաղորդացման աշխատանքներ:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս