Ուշագրավ դրվագներ՝ Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ռեզոնանսից

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին ՀՀ վարչաապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին տեղի ունեցածը դրական և բացասական կողմերով շարունակում է մնալ քննարկումների թոփ թեման՝ թե՛ արցախցիների, և թե՛ Հայաստանի քաղաքական-հասարակական շրջանակներում:

Եվ նկատենք, որքան բուռն քննարկվում են ՀՀ վարչապետի առաջադրած «ազգային ծրագրի» ռազմավարական դրույթները, նույնքան ինտենսիվությամբ չեն դադարում կոշտ քննադատությունները՝ Փաշինյանի հրավիրած համահայկական հավաքին մի խումբ արցախցիների սուլոցների տհաճ դրվագի առնչությամբ:

Հիշեցնենք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին տղամարդկանց մի խումբ, բեմահարթակից ոչ հեռու դիրքավորված, փորձում էին անհանդուրժողականության ֆոն ստեղծել:

Հարթակից հնչող ելույթները ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին հրապարակում նրանց վանկարկումներով, ընդ որում՝ դրանք ավելի լսելի էին դառնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միասնականության գաղափարի կոչերի ֆոնին: Իսկ սուլոցներով միջադեպը եղավ հատկապես այն պահին, երբ ելույթով համայն հայությանն էր դիմում Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Իհարկե, նույն սուլողները չխնայեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Եվ ահա այս փոքրիկ միջադեպը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Նկատենք, այդ պահին կամ դրանից հետո Հայաստանի իշխանության կողմից երևույթին գնահատական չտրվեց, ակնհայտորեն թեմայից խուսափեցին անգամ միջին կարգի չինովնիկները, մինչդեռ դատապարտող ելույթներով կարծիքներ հնչեցին Արցախի քաղաքական ուժերի կողմից:

Ու մինչ հայաստանյան ընդդիմադիր ուժերը Բակո Սահակյանի ելույթի ժամանակ սուլոցների միջադեպի շուրջ դատողություններով սլաքներն այս ու այն կողմ են ուղղում, արցախցի շարքային քաղաքացիներն իրենք իրենց ներսում «օպերատիվ հետախուզական» գործողություններով փորձել են Բակո Սահակյանի դեմ ընդվզողների հետագիծն ուսումնասիրել:

Արդեն երեք օր է` արցախցի ֆեյսբուքահայությունը միջադեպի տեսանյութերի կադրերով նույնականացրել և ֆեյսբուքյան հարթակում ակտիվ տարածում է սուլող հերոսների նկարներն ու նրանց մասին ուշագրավ տեղեկություները:

Ֆեսյբուքցիների «օպերացիայի» բացահայտումներից պարզ է դառնում, որ իրականում տհաճ միջադեպով աչքի ընկածները բնավ էլ սոցիալական անարդարության բողոք արտահայտողներ չեն, ինչպես փորձ է արվել մատուցել:

Նրանցից մեկը գրում է. «Կադրերում էլ երևում է, որ «Միասնական հայրենիք» ցուցապաստառներով խմբված քաղաքացիների կողմից են լսվում «Բաբայան նախագահ» վանկարկումները, և չի բացառվում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Բաբայանի կողմից կանխավ հրահանգված է եղել՝ ինչ անել և որ պահին»:

Նշենք, «Միասնական հայրենիք» անվանումը, ըստ շրջանառվող լուրերի, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քաղաքական ձգտումները սպասարկելու համար այս օրերին ստեղծվող կուսակցության անվանումը պետք է լինի և, ըստ ամենայնի, կծառայի նրան իբրև քաղաքական հենարան՝ 2020-ի Արցախի նախագահական, նաև խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար:

Մյուս օգտատերը «բացահայտել է» միջադեպ հրահրած անձանց խմբին Սամվել Բաբայանի աներորդու կողմից կուրացիայի դրվագներ, երբ նա այդ հանրահավաքի ժամանակ կարգադություններով ուղղորդել է՝ որ պահին սուլել և երբ վանկարկումներով խլացնել հարթակի ելույթների ձայնը:

Հետևելով արցախցի ակտիվ օգտատերերի քննարկումներին՝ նկատելի է, թե որքան քաղաքականացված են վերջին շրջանում Արցախի հանրային տրամադրությունները: Նրանցից շատերի դիտարկումներից կարելի է որոշակիորեն պատկերացում կազմել նաև Փաշինյանի հրավիրած բացառիկ հանրահավաքի նկատմամբ արցախցիների իրական վերաբերմունքի մասին՝ ըստ մասնակիցների իրական քանակի:

Պարզվում է՝ պակաս կարևորություն չի տրվել նաև քաղաքական ճամբարներից մինչ այդ հնչած խոստումներին ու քաղաքական հակառակորդների համակիրների ներկայացվածության հանգամանքին:

Օրինակ, նրանից մեկն ընդգծելով ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի և Փաշինյանի ստացված համագործակցության հանգամանքը՝ արձանագրել էր, որ Հարությունյանին չի հաջողվել այդ օրը, խոստացվածի համաձայն՝ իր գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության 10 հազարանոց համակիրների բանակ ապահովել ՀՀ վարչապետի բացառիկ հանրահավաքին, մանավանդ որ, ինչպես օգտատեր Լուիզա Հարությունյանն է նկատում, «փաստ է, որ նախագահացու Արայիկ Հարությունյանի համախոհների թիվը չէր հասնում այդքանի։ Այդպես կարելի է դատել առնվազն երթի մասնակիցների թվաքանակից»։

Արցախցիների հաշվարկով այդ օրվա մասնակիցների թվաքանակի մեջ ծանրակշիռ թիվ, իհարկե, ապահովել է Արայիկ Հարությունյանը, սակայն չի կարելի չնկատել նախագահ Բակո Սահակյանի ելույթի համար դեպի Վերածննդի հրապարակ ուղղորդված պետական ողջ համակարգի աշխատակիցների բանակը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ահռելի քանակի ուժայինների ներկայությունը, Ն. Փաշինյանի անվտանգությունը հսկող մարդկանց քանակը, նրան Հայաստանից ուղեկցած իմքայլականների 88 հոգանոց բանակը, Ն. Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծաթիվ կուսակիցներին, Ն. Փաշինյանի կուսակից Սասուն Միքայելյանի գլխավորած Երկրապահ կամավորականների ավտոշարասյունով եկած ազատամարտիկներին, մեծաթիվ լրագրողներին ու, ի վերջո, օրվա գլխավոր հերոսներին՝ Համահայկական խաղերի մի քանի հարյուր հոգանոց մասնակիցներին, ինչպես նաև նրանց հետ Արցախ ժամանած սփյուռքահայ տուրիստներին:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս