
Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհը մարելու համար նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա

Օգոստոսի 11-ին Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել: Այն տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։ Տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների ու մարզային կառույցների ներկայացուցիչները։
Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ըստ նախնական վարկածի` հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,- գրել է Էրիկ Գրիգորյանը: