Բաժիններ՝

«Վեճից հետո մեզ ասացին` լավ, եթե ձեր տուրիստներն են, հարց չկա, ցվրվենք, գնանք». Վերնիսաժում գրպանահատները հետևել են զբոսաշրջիկներին

ԱԺ վերջին ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել և գրառում կատարել գրպանահատության վերաբերյալ.

https://www.facebook.com/photo.php?fbid=448006299384337&set=a.111540109697626&type=3&theater

«Լավ նայեք այս ստահակներին, հարգելի երևանցիներ, որ կարողանաք հակահարված տալ, քանի որ մեր ոստիկանությունը, ոնց հասկանում եմ, շատ բարեհամբույր է վերաբերվում գրպանահատներին: Հետաքրքիր է` ինչո՞ւ: Եթե որևէ մեկն ասի, իբր չեն ճանաչում կամ չեն տեսել, չեմ հավատա:

Այս գրպանահատները կպան տուրիստներիս պոչից դեռ Վերնիսաժում, բացել էին մի քանիսի պայուսակը: Այնքան լկտի էին, որ հետևում էին մեր խմբին Վերնիսաժից մինչև Գաթա պանդոկ: Երբ մոտեցանք սրանցից էն շախմատի ձիու կերպարով կանգնած ստահակին ու պահանջեցինք, որ հեռու մնա խմբից ու քայլի մյուս մայթով, լկտիաբար պատասխանեց, թե ձեզ պետք ա, դուք քայլեք:

Երբ հանեցինք հեռախոսը, որ գոնե նկարվելու հեռանկարից վախենան, մեջքով կանգնած ստահակը քմծիծաղով ասաց` «որ նկարում եք, մեջն ի՞նչ կա»:

Այսինքն՝ մարդը համոզված է, որ իրեն ոչինչ չի սպառնում:
Սա էլ մեր հյուրասիրությունը, որի մասին լեգենդներ ենք պատմում տուրիստներին»:

168.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ Ոստիկանությունից դեռ արձագանք չի եղել:

Մեր հարցին, թե նրանք թվով քանի՞սն են եղել, Լուսինե Հարոյանը պատասխանեց.

«Մենք այդ երկուսի հետ խոսեցինք: Միգուցե հետները ևս մի քանիսը կային, չգիտեմ: Վեճից հետո մեզ ասացին` լավ, եթե ձեր տուրիստներն են, հարց չկա, ցվրվենք, գնանք»:

Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ է սկսվել.
#ջեբկիր հեշթեգով քաղաքացիները տեղադրում են ջեբկիրների նկարներ։

Հավելենք, որ գրպանահատության պատիժը խստացնելու համար Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն։ Այն վերաբերում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Նախագիծը մայիսին քննարկվել է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում։ Այժմ այն լրամշակվում է կրկին հանձնաժողովին ներկայացնելու համար. այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, գնդապետ Հակոբ Պետրոսյանը:

«Դրա ընդունման պարագայում մասնավոր մեղադրանքի գործ համարվող գրպանահատությունը կորակվի՝ որպես հանրային մեղադրանք։ Այդ ժամանակ տուժողի հետ հաշտվելու կամ բողոքի բացակայության դեպքում հնարավոր չի լինի գործի վարույթն ընդհատել»,- հայտնել է նա` ընդգծելով, որ ակնկալում են՝ այս արարքին այսկերպ կտրվի արժանի քրեաիրավական գնահատական։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս