Աշնանը մեծ էկրան կբարձրանա «Դրախտի դարպասը» ֆիլմը
Այս տարի աշնանը մեծ էկրան կբարձրանա հայտնի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը` նվիրված արցախյան պատերаզմին: Այս մասին հայտնում է Հայկական ազգային մշակույթի թանգարանի կայքը:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը վերադառնում է Արցախ` լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: Լրագրողական հետաքննության ընթացքում նա հանդիպում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիային, նրանք սիրահարվում են:
Այնուամենայնիվ, Ռոբերտին շուտով հայտնի է դառնում, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, ով գերեվարվել էր 1992 թվականին Թալիշ գյուղը գրավելու հետևանքով, ում Ռոբերտը չի փորձել փրկել գերությունից և ում լուսանկարները վերցրել է ռազմի դաշտից՝ հետագայում դրանք ներկայացնելով որպես իր սեփականը:
«Դրախտի դարպասը» ֆիլմը արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամելը, Նինա Քրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը և Տատյանա Սպիվակովան:
Երևանում և Ստեփանակերտում ֆիլմի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ արդեն հաջորդ տարվա մարտին Լոս Անջելեսում տեղի կունենա պրեմիերան: