«Սա նոր իշխանությունների իրավական խայտառակ բոբիկության, պետականամետության սուր դեֆիցիտի ու մանր ժուլիկության լավագույն դրսևորումն է». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր e-draft.am կայքում հասանելի է դարձել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Համաձայն նախագծի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։
Ի՞նչ է ստացվում․
Սպառելով Սահմանադրական դատարանի նախագահին հրաժարական պարտադրելու բոլոր հնարավոր և անհնար ուղիները, իշխանությունն իր քաղաքական ախորժակը զսպել չկարողանալով՝ բացահայտ կոռուպցիոն գործարք է առաջարկում Սահմանադրական դատարանի լեգիտիմ կազմի ներկայացուցիչներին։
Հատուկ չհասկացողների համար ավելի պարզ ասեմ․ տղերք վերցրեք էս փողը («Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծով առաջարկվող ֆինանսական «երաշխիքը») ու հելեք տներով։
Սա նոր իշխանությունների իրավական խայտառակ բոբիկության, պետականամետության սուր դեֆիցիտի ու մանր ժուլիկության լավագույն դրսևորումն է։ Չնայած սեփականատեր դարձած օլիգարխների ծառայություններից օգտվող թավշյա հակակոռուպցիոներների մտքից ավելի կարճատև թռիչք հնարավոր էլ չեր սպասել․ կոռուպցիոն գործարք՝ օրենքի թավիշով։
Հ․Գ․ Տեսնես այդ ինչ խորը մտավախություն ունեն իրենց ապագայի հանդեպ, որ ամբողջ ուժով լծվել են իրենց սեփական Սահմանադրական դատարանն ունենալու գործին»: