Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն օգոստոսի 9-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթների համակարգող Յնսկե Վանդորմաելին և ազատազրկման վայրերի պատվիրակ Նատալյա Կարմովային: Ներկա էին նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը և շտաբի պետ, արդարադատության կապիտան Ռուբեն Դարբինյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում, որը կրում էր ճանաչողական բնույթ, քննարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում նախկինում իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա համագործակցության ուղիներն ու նախատեսվող հեռանկարային ծրագրերը:
Մասնավորապես, երկու կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականի նոյեմբերի 1-ից գործարկված տեսազանգի համակարգի արդյունավետության կապակցությամբ, որն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:
«Միջազգային պատվիրակության կողմից առաջարկ եղավ նաև կազմակերպել օտար լեզուների դասընթացներ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև որոշ դատապարտյալների վերապատրաստել որպես մարզիչներ՝ հիմնարկների մարզադահլիճներում ազատազրկված անձանց մարզումներն առավել արդյունավետ և պրոֆեսիոնալ դարձնելու համար:
Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը կարևորեց հատկապես վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի ներդրումը, որպեսզի դատապարտյալները պատիժը կրելուց հետո առավել հեշտ ինտեգրվեն հասարակությանը:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում հանդիպում իրականացնել փորձագետների թիմի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: