«Ես «Բարսայում» ցանկանում էի խաղալ ավելի երկար». Ֆաբրեգաս
Super Deportivo Radio-ին տված հարցազրույցում «Բարսելոնայի» նախկին խաղացողը խոստովանել է, որ կցանկանար շատ ավելի շատ ժամանակ անցկացնել «Կամպ Նոուում»:
««Բարսան» իմ մանկության ակումբն է: Ես կցանկանայի խաղալ այնտեղ 20 տարի, բայց ամեն ինչ միշտ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես նախատեսում ենք, այնպես որ, պետք է հարմարվել փոփոխություններին»,- խոստովանում է 32-ամյա ֆուտբոլիստը:
Դեռևս լրատվամիջոցներին հայտնի չէ, թե ինչու ոչ հեռավոր 2014 թվականին Ֆաբրեգասը լքեց կատալոնական ակումբը: Նշվում է, որ դա ակումբի որոշումն է: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ էր Ֆաբրեգասի մարզավիճակից:
Ավելի վաղ Ֆաբրեգասը լրագրողներին խոստովանել է, որ այլևս չունի իր նախկին ակումբ վերադառնալու ցանկություն:
«Սիրով կվերադառնայի Իսպանիայի առաջնություն: Ինչո՞ւ ոչ:
Վերադառնալ «Բարսելոնա՞»: Դա անհնար է: Դա իմ անցյալն է, և ես չունեմ ցանկություն վերադառնալ այնտեղ»,- նշել է Ֆաբրեգասը:
Սիրարփի Աղաբաբյան