Բաժիններ՝

Նոր չարաշահումներ՝ Տավուշի մարզի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման գործընթացում

Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման վերաբերյալ պայմանագիր, որի գինը կազմում է 1 մլրդ 298մլն ՀՀ դրամ:

Նախարարության հետ կնքված այլ պայմանագրով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրել է մեկ այլ առևտրային կազմակերպություն:

2019թ. հուլիսի 3-ին Կապալառուի և Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի ու տեխնիկական հսկիչի կողմից հաստատվել է ճանապարհի առանձին հատվածում ճանապարհային պատվածքի՝ ընդհանուր 44479 քմ ծավալով հիմնանորոգման աշխատանքներից 110 710 600 ՀՀ դրամ արժեքով 30000 մ2 «Ա» տիպի հ=4 սմ տաք մանրահատիկ ասֆալտբետոնի տեղադրման աշխատանքների կատարման դիմաց վճարման իրավունք վերապահող կատարողական ակտ: Վերջինս կապալառուի կողմից ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ կատարված աշխատանքների ընդունման նպատակով:

Մինչդեռ դրանից առաջ իրականացվել են ճանապարհի նշված հատվածում կատարված ասֆալտբետոնե ծածկի վերին շերտից վերցված հանուկների համատեղ լաբորատոր փորձարկումներ, համաձայն որոնց արդյունքների՝ ասֆալտապատված ճանապարհատվածի առանձին գոտիներում ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի խտացման գործակիցը կամ բարձրությունը չեն համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերի պահանջներին, ինչի մասին, նախքան կատարողական ակտը աշխատանքների ընդունման նպատակով ներկայացվելը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությամբ տեղեկացվել է Կապալառուին: Բացի այդ, նշված համատեղ փորձարկման արդյունքները հաստատվել են նաև հենց Կապալառուի պատվիրմամբ փորձաքննություն իրականացնող առևտրային կազմակերպության ներկայացուցիչների ստորագրություններով՝ առանց առարկության: Կատարողական ակտով ընդունման ներկայացված շինարարական նորմերին չհամապատասխանող ճանապարհային պատվածքի հիմնանորոգման աշխատանքները գումարային առումով կազմել են 33 210 000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ աշխատանքների ընդուման համար կազմված միջանկյալ ակտերում ընդունման ներկայացված աշխատանքները բնութագրող տվյալները լրացվել են թերի, դրանցում նշված չեն ընդունված աշխատանքների տեղամասը, տեղադրված ասֆալտբետոնե շերտի հաստությունը, միջին լայնությունը, ասֆալտբետոնե խառնուրդի տեսակը:

Այսինքն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ են օգտագործվել: Մասնավորապես, տեխնիկական հսկողությունն իրականացվել է պայմանագրային դրույթների խախտումներով, աշխատանքները չեն կատարվել անհրաժեշտ որակով ու ծավալով, սակայն հաստատվել է սահմանված չափանիշներին դրանց համապատասխանության վերաբերյալ բովանդակային առումով կեղծ կատարողական ակտ, որը ներկայացվել է վճարման: Պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել միայն այն պատճառով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից հիշյալ կատարողական ակտը ուսումնասիրվել է, ու դրանում առկա թերությունների հայտնաբերման պատճառով նշված աշխատանքները չեն ընդունվել:

Նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում օրեր առաջ նշված միջպետական նշանակության ավտոճանապարհի նույն հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ ևս հարուցվել էր քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս