Բաժիններ՝

Բեռնի Սանդերսը խոստացել է բացահայտել ՉԹՕ-ների մասին տեղեկատվությունն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում

Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը խոստացել է բացահայտել կյանքի այլմոլորակային ձեւերի եւ չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դա կա, 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել կատակաբան, հեռուստահաղորդավար եւ Մարտական բացարձակ առաջնության (UFC) շրջանակներում մենամարտերի մեկնաբան Ջո Ռոգանի պոդկաստում: Զրույցի տեսագրությունը հրապարակված է նրա YouTube-ալիքում։

«Եթե դուք ընտրվեք ու թեկուզեւ ինչ-որ բան իմանաք այլմոլորակայինների մասին, եթե իմանաք ՉԹՕ-ների մասին, կպատմե՞ք մեզ»,- հարցրել է քաղաքական գործչին հաղորդավարը: «Ես ձեզ այսպես կասեմ. իմ կինը կպնդի, որ ես պատմեմ ձեզ»,- կատակով պատասխանել է Սանդերսը: Նա ընդգծել է, որ իր կին Ջեյնն իրեն չի համարում այլմոլորակային կյանքի գոյության մասին տեսությունների հետեւորդ, սակայն հաճախ փորձում է իրենից ինչ-որ գաղտնի տեղեկատվություն իմանալ:

«Բեռնի, ինչ է տեղի ունենում, դու (գաղտնի նյութերին) ծանոթանալու ինչ-որ հնարավորություն ունե՞ս»,- մեջբերել է Սանդերսը կնոջ խոսքը՝ նշելով, որ այս պահին ինքը նման կարգի տվյալներին ծանոթանալու հնարավորություն չունի: «Ուրեմն դուք մեզ կպատմե՞ք»,- պնդել է Ռոգանը: «Լավ, գիտեք, ի՞նչ: Եկեք պատմե՞նք այդ մասին այս շոուում: Ի՞նչ կասեք դրան»,- համաձայնել է Սանդերսը: Օգոստոսի 8-ի երեկոյան տեսահոլովակն արդեն դիտել էր ավելի քան 5 միլիոն մարդ: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս