«Այն, ինչ բացահայտ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա նույնն անում է իր քաղաքական աշակերտը». Սերգեյ Շաքարյանց

Օրերս BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակեց «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածը:

Լրատվամիջոցը պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, որտեղ նշվում է, թե քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ, և, որ գործում որպես առանցքային դերակատարներ՝ հանդես են գալիս նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ օրերին մեծ ազդեցություն ունեցող երկու պատգամավոր-գործարարներ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանը:

Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ տեղեկացրեց, որ BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, թե քննչական մարմինների գործառույթն է՝ պարզել, թե ինչպես են «Մարտի 1»-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ նշեց, որ չունեն արձագանք:

168.amի հետ զրույցում աղմկահարույց հրապարակմանն անդրադարձավ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով անկախ Հայաստանի պատմության մեջ նման մի քանի դրվագներ նույնպես հիշեց.

– BBC-ի հրապարակման շուրջ քննարկումներ են ծավալվել, անվտանգության խնդիրներ են բարձրաձայնվում, ըստ Ձեզ՝ ի՞նչ էր դա:

– Դա նույնն է, ինչ ժամանակին արել է Լևոն Տեր Պետրոսյանի խոսնակ Լևոն Զուրաբյանը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին հանձնել էր խիստ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, և որն արեց Անվտանգության գծով խորհրդատու պարոն Մանուչարյանը՝ Ֆրանսիայի դեսպան մադամ դը Արթինգի հետ: Դրանք խիստ գաղտնի բանակցություններ էին, և էլի այսօրվա նման ոչ ոք չգիտի՝ դա ո՞նց էր հայտնվել այդ թերթերի էջերում՝ իբրև թե  չգիտեն, բայց պարզ չի՞ ոնց: Նույնը կատարվում է  հիմա:

Բոլոր այն մարդիկ, որոնք կապված են Ազգային անվտանգության հետ, շատ լավ պատկերացում ունեն՝ ոնց է դա հայտնվել BBC-ի, այն էլ՝ ռուսալեզու խմբագրության ձեռքում:

Ում մոտ կուտակված են համապատասխան նյութերը, այդ մարդը ծախում կամ ինչ-որ մեկի հրահանգով տրամադրում է համապատասխան ԶԼՄ-ներին: Հաշվարկը՝ հասարակական սկանդալ հարուցել:

– Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է դա ձեռնտու:  

– Միայն Փաշինյանի վարչակազմին:

Ինչո՞ւ:

– Որովհետև արդեն սպառել է ասվածքը Քոչարյանի շուրջ:

Տեսեք՝ ինչ են անում՝ իբր գեներալ Սամվել Կարապետյանն է եկել-կրակել մեզ վրա, այսինքն՝ ղարաբաղցին է եկել, կրակել մեզ վրա: Այն, ինչ բացահայտ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը 1995-96թթ., հիմա նույնն անում է իր քաղաքական աշակերտը (ինչքան ես եմ հիշում` նա ընդհանրապես քաղաքականության մեջ է հայտնվել ի շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի): Իմաստը՝ շարունակել ձգել այդ «գործը»:

Դուք մոռացե՞լ եք Վիտալի Բալասանյանի շուրջ աղմուկը. կպնում է կոնկրետ հերոս մարդկանց, որոնք սեփական կյանքը ռիսկի ենթարկելով՝ փրկում էին ռազմաճակատում Արցախի հայությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս