Լեհաստանի Սեյմի նախագահը հրաժարական տվեց
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հրաժարական է տվել կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռներg ընտանիքով ճամփորդելու համար օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով: Օգոստոսի 9-ին քաղաքական գործիչը համապատասխան հայտարարություն է արել: Այդ մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան:
Սեյմի խոսնակը, լեհական օրենքների համաձայն, պետության երկրորդ դեմքն է նախագահից հետո: Նրան պատգամավորներն ընտրում են քվեարկությամբ: Կուխչինսկին այդ պաշտոնն զբաղեցնում էր 2015 թվականից, երբ «Օրենք եւ արդարություն» կուսակցությունն իշխանության եկավ հերթական խորհրդարանական ընտրություններից հետո: Խոսնակի պաշտոնաթողությունից հետո նրա պարտականությունները կատարելու է տարիքով ավագ տեղակալը: Ինչպես սպասվում է, Սեյմի նոր նախագահը կընտրվի արդեն օգոստոսի 9-ին: Կուխչինսկին իր հրաժարականի վերաբերյալ հայտարարությունն արել էր նախօրյակին կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ լրագրողներին հայտնի է դարձել, որ Կուխչինսկու ծառայողական ուղեւորությունների ժամանակ հաճախ ինքնաթիռում չհիմնավորված կերպով գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ կառավարող կուսակցության քաղաքական գործիչները՝ իրենց ընտանիքների հետ: Կուխչինսկին որպես իր արդարացում հայտարարել է, թե դա չի ավելացրել պետական ծախսերը, բայց միեւնույն ժամանակ կամավոր 15 հազար զլոտի է վճարել բարեգործական նպատակների համար եւ 28 հազար զլոտի՝ Զինված ուժերի արդիականացման հիմնադրամին: Ընդդիմության առանձնակի դժգոհությունն էր առաջացնում այն, որ Կուխչինսկին կառավարական ինքնաթիռով իր ընտանիքի հետ բազմիցս ճանապարհորդել է հայրենի Մերձկարպատյան վոյեւոդություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: