«Մարզպետները գյուղապետերին ասում են, թե՝ դեմ-մեմ չգիտեմ, գնացեք ու խոշորացրեք. սա «Նոր Հայաստանում» է»». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախորդ իշխանությունների ժամանակ «Ելք» ընդդիմադիր դաշինքով պայքարում էին համայնքների խոշորացման դեմ և գործընթացը քննադատում էին։
«Այդ ամենը եղել է Սերժի ժամանակ, հիմա այլ ժամանակներ են եկել, և «Նոր Հայաստանում» գաղտնի են պահվում ցանկերը, թե որ համայնքները պետք է խոշորացվեն։ Մարզպետները գյուղապետերին կանչում են իրենց մոտ ու ասում, որ համայնքը խոշորացնեն, սակայն գյուղապետներն ասում են, որ դեմ են, ինչին ի պատասխան՝ մարզպետներն ասում են, թե՝ դեմ-մեմ չգիտեմ, գնացեք ու խոշորացրեք, սա «Նոր Հայաստանում» է»,- Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ գյուղերում այցերի ժամանակ գյուղապետերն ու բնակիչները միշտ բողոքել են, որ դեմ են համայնքների խոշորացմանը, և կարիք կա, որ իրենց կողքին կանգնեն։
«Ես ուզում եմ ուղերձ տալ այդ մարդկանց, որ մենք իրենց կողքին կանգնած ենք, նաև, դիմելով իշխանությանը, պետք է ասեմ, որ ժողովրդավարական իշխանությունը հեղափոխության ժամանակ և Երևանի քաղաքապետի ընտրություն ժամանակ ասում էր, որ համայնքները խոշորացնելուց առաջ հարցնելու են ժողովրդի կարծիքը, անցկացնելու են հանրաքվե տարբեր այլ հարցերի հետ կապված։
Մի կողմից՝ այդ հանրաքվեի խնդիրը, մյուս կողմից էլ՝ այն, որ ընտրվել, սակայն ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում։ Հիմա թող գնան, հանրաքվե անեն ու հասկանան, թե գյուղերում մարդիկ ինչ կարծիք ունեն։ Մարդկանց կամքին հակառակ որևէ գործընթաց ի ծնե մեռած գործընթաց է, այսինքն՝ այդ խոշորացումն արդյունք չի տալու»,- շեշտեց Է. Մարուքյանը։
Նա առաջարկեց դիտարկել, թե, օրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակ խոշորացված համայնքներում ի՞նչ լավ բան է տեղի ունեցել։ Եղած արդյունքը բացասական է՝ գյուղերը դատարկվում են, ոչինչ չի փոխվել, ուստի պետք է մեծ լսումներ անցկացվեն և եղած բոլոր խնդիրները վեր հանվեն։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում մարզպետական համակարգն ամենաարատավորն է, և քանի դեռ այդ համակարգը կա, ապա Հայաստանում չեն կարող լինել արդար ընտրություններ։
«Եթե այդ համակարգը մնա, ապա մյուս ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագրի» մարզպետներն ունենալու են լուրջ դերակատարում։ Ոչ թե նրա համար, որ իրենք ռեյտինգով տղերք են, այլ իրենք ժողովրդի վրա սուբվենցիա ծախող են, կասեն՝ վարչապետի հետ այս սուբվենցիան բերեցինք ու այստեղ ասֆալտ արեցինք, ուստի պետք է ընտրեք մեզ։ Դե մեր ժողովուրդն էլ անշնորհակալ չէ, դրա համար էլ կընտրեն, իրենք հո չե՞ն մտածի, թե այդ ամենն արվել է մարդկանցից հավաքած հարկերի հաշվին։ Այս ամենը ժողովրդի վրա ծախում են՝ որպես իրենց կողմից տրվող բարիք։ Հանրապետականն այդպես է պահել մարզպետական համակարգը, և այսօրվա իշխանությունը նպատակ չունի այդ արատավոր ինստիտուտից հրաժարվել։ Բոլոր իրավապահներն այսօր ենթարկվում են մարզպետներին, ասում են՝ Սահմանադրություն փոխենք, խոսակցություն կա՞ մարզպետների ինստիտուտը վերացնելու մասին, այն ներկայիս իշխանություններին «դզել» է»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ, եթե ներկայիս իշխանությունը պետք է «հագնի Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը», ապա իրենք դրա դեմ պայքարելու են, քանի որ չեն կարող մտածել, թե «Սերժն այն լավ չէր հագնում, իսկ Նիկոլը լավ է հագնում»։
Նշենք, որ Է. Մարուքյանը սկսել է #bRightTalk հաղորդումների շարք, որտեղ անդրադառնալու է երկրի քաղաքական կյանքին վերաբերող անցուդարձին, այս անգամ զրուցում էր Դավիթ Խաժակյանի հետ։
Զվարթ Խաչատրյան