
Վաշինգտոնը Փհենյանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսում է ակնկալում. Էսփեր

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ երկխոսության շուտափույթ վերսկսում է ակնկալում: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը, այդ մասին օգոստոսի 9-ին երկրի ղեկավար Մուն Չժե Ինի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, որն օգոստոսի 8-ին երկօրյա այցով ժամանել է Սեուլ:
«(ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի եւ (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ) Կիմ Չեն Ընի միջեւ (հունիսի 30-ին) Փհանմունջոմում կայացած հանդիպումը պատմական իրադարձություն դարձավ: Երկու երկրների միջեւ երկխոսության շուտափույթ վերսկսում ենք ակնկալում»,-ասել է Էսփերը:
Իր հերթին Մուն Չժե Ինը նշել է, որ Էսփերի պաշտպանության նախարար նշանակվելը կօգնի էլ ավելի ամրապնդել Սեուլի եւ Վաշինգտոնի դաշնակցային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են պատերազմական ժամանակաշրջանում հարավկորեական զորքերի հրամանատարությունը Սեուլին հանձնելու հարցերը:
Գործող համաձայնագրի համաձայն, ներկայում ռազմական հակամարտության դեպքում դրանց կառավարումն իրականացնելու է ամերիկյան կողմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: