Ուկրաինայում օղի են պատրաստել Չեռնոբիլի գոտու ջրից և ցորենից
Բրիտանացի գիտնականներն ուկրաինացի գործընկերների հետ համատեղ ճառագայթաակտիվ տեսակետից անվտանգ օղի են պատրաստել չեռնոբիլյան ջրից եւ ցորենից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Օտարման գոտու կառավարման պետական գործակալությունը:
«Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի գիտնականների խմբին հաջողվել է պատրաստել ճառագայթաակտիվ տեսակետից անվտանգ ալկոհոլ չեռնոբիլյան ջրից եւ ցորենից՝ “homemade” ավանդական մեթոդիկայի օգտագործմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ «ԱՏՈՄԻԿ» օղու փորձնական խմբաքանակի պատրաստման համար օգտագործվել է ջուր չեռնոբիլյան հորատանցքերից: Նաեւ նշվում է, որ ջրում ճառագայթաակտիվ աղտոտում չի հայտնաբերվել: Պետական գործակալությունը հավելել է, որ այժմ ստեղծվում է «Չեռնոբիլի ալկոհոլային ընկերություն» հատուկ ձեռնարկությունը, որն ապագայում կարտադրի եւ կվաճառի «ԱՏՈՄԻԿ» բարձրորակ օղին: Ձեռնարկությունը մտադիրէ շահույթի 75 տոկոսը վերադարձնել վթարից տուժածներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: