Մոնիկա Լևինսկին կդառնա Բիլ Քլինթոնի իմպիչմենթի մասին սերիալի պրոդյուսերը. Washington Post
Մոնիկա Լեւինսկին, որի հետ կապի պատճառով ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը քիչ էր մնում կորցներ պաշտոնը, կդառնա ժողովրդականություն վայելող «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի պրոդյուսերը, որը նվիրված է պետության ղեկավարի իմպիչմենթի փորձին: Այդ մասին գրել է Washington Post թերթը:
«Իմպիչմենթ. հանցագործությունների ամերիկյան պատմություն» անվանումը կրող հեռուստաշոուի նոր եթերաշրջանը հիմնվելու է Ջեֆրի Թուբինի «Մեծ դավադրություն. սեռական սկանդալի իրական պատմություն, որը գրեթե ոչնչացրեց նախագահին» գրքի վրա:
«Այս պատմության մեջ հսկայական թվով նրբերանգներ կան, որոնց մասին մարդիկ չգիտեն: Դա նրանց համար հետաքրքիր կլինի, սպասվում է վիթխարի ներկայացում»,-հայտարարել է Ջոն Լանդգրաֆը՝ FX մալուխային հեռուստաալիքի ղեկավարը, որը պատվիրել է սերիալի շարունակությունը: Նրա խոսքով՝ Մոնիկա Լեւինսկու՝ նախագծի պրոդյուսեր դառնալու համաձայնությունը «ինչ-որ բան ասում է նյութի որակի մասին»:
Սերիալում Մոնիկա Լեւինսկու դերում նշանակվել է դերասանուհի Բինի Ֆելդշտեյնը, որը հայտնի է «Լեդի Բյորդ», ֆիլմով, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսուհու ընկերուհու դերը: Թե ովքեր կմարմնավորեն Բիլ Քլինթոնին եւ նրա կնոջը՝ Հիլարի Քլինթոնին, առայժմ հայտնի չէ: Երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն փետրվարին, դրա պրեմիերան պլանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Ինչպես նշում է թերթը, այդ ամսաթիվը համընկնում է ԱՄՆ-ում նախագահական մրցարշավի վերջին շաբաթների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: