Ստի ոտքը կարճ է…

Ժամանակակից հասարակությունը հաճախ անվանվում է մեդիոկրատիկ, որտեղ իրական իշխանությունը պատկանում է զանգվածային լրատվության միջոցներին: Ինչպես քանիցս նշել ենք՝ արդի աշխարհում քաղաքական տեղեկատվական-հաղորդակցական գործընթացներում հաճախ կիրառվում են ոչ թե առանձին հնարքներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Այս պարագայում առանձնահատուկ դերակատարում ունեն քաղաքական առասպելների ստեղծումն ու տարածումը։

Ներկայումս ՀՀ իշխանական համակարգում մի յուրահատուկ կաթվածահար իրավիճակ է, երբ ցանկացած քննադատություն և իշխանական բուրգին հակառակ կարծիք ընդունվում է ակնհայտ սվիններով և ենթարկվում ֆեյքային հերթական գրոհին։

Սա հատկապես ավելի ցցուն նկատվեց բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից 2014թ․ հետ ասոցիացվող ինչ-որ գաղտնիք պարունակող զեկույցի միֆը հրապարակելուց հետո։

Այս հրապարակումից հետո տարբեր գործիչներ և հանրային ակտիվի ներկայացուցիչներ բարձրաձայնեցին այն մասին, որ գաղտնիքի մասին բարձրաձայնելուց հետո Փաշինյանը պետք է հրապարակի այն և հնչեցնի հստակ անուններ։

Փաշինյանի հայտնի «լայվին» հաջորդեց Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա հնչեցրած թեզերին հակադարձեց «աշխատող մեքենայի և վատ ու անբարեխիղճ վարորդի» մասին պատկերավոր նկարագիրը, իսկ արդեն երեկ Արփինե Հովհաննիսյանն իր բաց նամակով Փաշինյանի հնչեցրած եզրույթների հետ կապված ներկայացրեց որոշակի գիտական պարզաբանումներ։

Այս երևույթները գործող վարչակարգի կողմից բավականին բուռն և էմոցիոնալ արձագանքների արժանացան. դա հատկապես ավելի ակնհայտ երևում էր սոցցանցերում, որտեղ իշխանություններին «աջակցող-քոմենթչիների համքարությունը» լծվեց հերթական քննադատության ալիքի ապահովմանը։

Այն մանիպուլյացիան, որ տարիներ շարունակ տարբեր հնարավոր բոլոր միջոցներով կիրառել է գործող վարչապետը, համապատասխանում է մանիպուլյացիայի դասագրքային բոլոր չափորոշիչներին։

Օրինակ, տարիներ շարունակ բղավում, գոռում-գոչում են՝ «կոռուպցիա», «թալան», և այլն, սա Նիկոլ Փաշինյանի առանցքային թիրախներից գլխավորն է: Ի թիվս այդ առասպելները հերքող բազմապիսի այլ փաստերի ու փաստարկների, առկա է մի շատ կարևոր, աշխարհի բազմաթիվ հեղինակավոր գիտնականների և միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների կողմից փաստարկված և հիմնավորված լրջագույն փաստարկ:

Դա շատ ուժեղ, անքակտելի հակադարձ համեմատական կորելյացիոն կապն է` կոռուպցիայի մակարդակի և ՀՆԱ-ի ծավալների, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ներդրումների ծավալների և տնտեսությունը բնութագրող այլ հիմնական ցուցանիշների միջև:

Փորձենք ներկայացնել ավելի պարզ` որքան դրական է տվյալ երկրի հիմնական տնտեսական ցուցանիշների դինամիկան, այնքան ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակը: Բնական է նաև` որքան ցածր է կոռուպցիայի աստիճանը տվյալ երկրում, այնքան ավելի բարձր են աճի ցուցանիշները:

Կարճ ասած` չի կարող լինել այնչափ կոռուպցիա և թալան (որքան թմբկահարել ու ստել են) այն երկրում, որտեղ ընդամենը ութ տարում չորս-հինգ անգամ աճում է տնտեսությունն ու մարդկանց կենսամակարդակը: Պարզապես չի կարող` չի լինում այդպիսի բան: Իսկ կաշառակերությո՞ւն… Համոզված կարելի է պնդել` ոչ ավել, ոչ պակաս, քան աշխարհի ցանկացած զարգացած երկրում…

Ստացվում է, որ 1998-2008թթ. աննախադեպ աճը վկայում է նաև այն մասին, որ «կոռուպցիայի» ու «թալանի» մասին Տեր-Պետրոսյանի համայնքի և նրան հարող հայատյաց զանգվածի կողմից հանրության մեջ տարածած առասպելները պարզապես փուչիկ են, աղտոտված օդ, բամբասանք, հերթական ստոր ձեռնածություն (մանիպուլյացիա):

Սա արդեն գիտություն է, ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունը կամ քմահաճույքը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ. Իշխանության համար մեջբերենք Շիլլերի հայտնի արտահայտություններից մեկը՝ «Մանիպուլյացիայի հաջողությունը երաշխավորված է, եթե մանիպուլյացիայի ենթարկվողը հավատում է, որ կատարվող բոլոր իրադարձությունները բնական են և անխուսափելի: Այլ կերպ ասած՝ մանիպուլյացիայի համար անհրաժեշտ է կեղծ իրականություն, որում դրա ներկայությունը նկատելի չի լինի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031