Բաժիններ՝

Վրաստանի առաջին դեմքերը հարգել են 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունում զոհվածների հիշատակը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն օգոստոսի 8-ին այցելել են Թբիլիսիի արվարձանի Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատուն եւ ծաղիկներ դրել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին: Այդ մասին հայտնել է վրացական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Այս օրը մեծ ցավ, անբուժելի վերք է մեզ համար: Ես խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջեւ»,-ասել է Բախտաձեն: Զոհված զինվորների հիշատակը հարգել են նաեւ արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարները, վրացական կառավարության այլ անդամներ: Լույս օգոստոսի 8-ի գիշերվանից վարչապետի կարգադրությամբ օգոստոսյան իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ խոնարհված են կառավարության վարչակազմի շենքի, նախագահական պալատի, խորհրդարանի եւ վարչական այլ շենքերի դրոշները:

Վրացական կողմի տվյալներով՝ 2008 թվականի զինված հակամարտության հետեւանքով զոհվել է 407 մարդ, այդ թվում՝ 169 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից, 224 քաղաքացիական անձ: Տուժել եւ վերքեր է ստացել ավելի քան 1,7 հազար մարդ: 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտությունից հետո Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախության հայտարարեցին Վրաստանից: ՌԴ-ն ճանաչեց նրանց անկախությունը եւ քանիցս հայտարարել է, որ այդ որոշումը վերանայման ենթակա չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս