Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժածների թիվը հասել է 48-ի
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողության հետեւանքով տուժածների թիվը հասել է 48-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:
«Բիշքեկի եւ Չույի մարզի հիվանդանոցներ բժշկական օգնության է դիմել 48 մարդ»,- հայտարարել են գերատեսչությունում: Տուժած հատուկ ջոկատայիններից մեկը գործողության ժամանակ մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վերքի պատճառով: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայություններն սկսել են մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա Քոյ Թաշ գյուղում նախկին նախագահ Ալմազբեկ Աթամաբաեւին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը:
Նրանք նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել: Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին դատախազությանն է հանձնել նախկին նախագահ Աթամբաեւին վերագրվող մեղադրանքների ցուցակը, որը պատրաստել է պատգամավորների հատուկ հանձնախումբը: Երկրի նախկին նախագահին մեղադրել են ապօրինի հարստացման, հողամասի զավթման, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի եւ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման մեջ:
Աթամբաեւն ինքը խորհրդարանականների մեղադրանքները որակել է «անհեթեթ» եւ հայտարարել, որ մաքուր է ժողովրդի հանդեպ եւ պատրաստ է պատասխան տալ նախագահի պաշտոնում իր բոլոր արարքների համար: Ալամզբեկ Աթամբաեւը երկիրը գլխավորել է 2011-ից մնչեւ 2017 թվականը



