Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով փրկվել է 151 կյանք. ԱՆ

Ընթացիկ տարվա փետրվարի մեկից գործող բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի: Նրանցից շուրջ 55 տոկոսը Երևանի բնակիչներ են, իսկ 45 տոկոսը` Հայաստանի մարզերից:

«Փաստացի, փրկվել է 151 կյանք: Արդյունքում` նվազել է նաև հաշմանդամությունը: Ցավոք, 29 մարդու կյանք հնարավոր չի եղել փրկել: Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում, որոնք են «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը:

Տեսանյութեր

Լրահոս