«ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ին». Վանեցյան
ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ին։
«Դեպքով իրականացվել է ծառայողական քննություն»,- հավելեց նա։
Ազգային անվտանգության տնօրենը նշեց նաև, որ ծանոթ չէ 2014թ-ին կազմված գաղտնի փաստաթղթի բովանդակությանը, որի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր իր արձակուրդի վերջին օրը։
«Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությանը, պետք է ծանոթանամ : Եթե կլինեն այդ փաստաթղթերում առկա նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք, եթե ոչ ,ուրեմն, ոչ»,- ասաց Վանեցյանը:
Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել էր 2014թ.-ին նախկին իշխանությունների կազմած գաղտնի զեկույցին, որն, իր բնորոշմամբ, հանգեցնում է այն եզրակացության, որ նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա, ու «երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է տակը կառավարման համակարգ չկա»։