ԱՄՆ-ը զենք է հանձնել Սիրիայի քրդական կազմավորումներին. Al Hadath
Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները: Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ ավելի քան 200 բեռնատարներից եւ զրահափոխադրիչներից բաղկացած շարասյունը ուղեւորվել է ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում:
Զենքի փոխադրումը, ինչպես պնդում է հեռուստաալիքը, դարձել է Եփրատի արեւելքում ռազմական գործողությանը թուրքական բանակի նախապատրաստվելու պատասխանը:
Թուրքական զինվորական աղբյուրն Al Hadath-ին ավելի վաղ հայտնել է, որ այդ գործողությունը կսկսվի մուսուլմանական Իդ ալ Ադհա զոհաբերության տոնից (Ղուրբան-Բայրամ), հետո, որը կավարտվի օգոստոսի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: