Բեռնատարի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել ֆրանսիական կոմունայի քաղաքագլխին. France Bleu
Շինարարները բեռնատարով մահացու վրաերթի են ենթարկել ֆրանսիական Սին կոմունայի (Վարի դեպարտամենտ, երկրի հարավ) քաղաքագլուխ Ժան-Մատիե Միշելին այն բանից հետո, երբ պաշտոնյան նրանց խնդրել է վերցնել ճամփեզրին անօրինականորեն թափված շինարարական աղբը: Այդ մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Ինչպես հաղորդվում է, 76-ամյա քաղաքագլուխը նկատել է, թե երկու տղամարդ ինչպես են անօրինականորեն շինարարական աղբն իրենց ավտոմեքենայից բեռնաթափում ճանապարհներից մեկի եզրին: Նա կանգ է առել եւ տղամարդկանց խնդրել հավաքել շինարարական նյութերի մնացորդները:
Նրանք կատարել են խնդրանքը, իսկ հետո, ինչպես նշում էռադիոկայանը, նստել են փոխադրամիջոցը եւ վրաերթի ենթարկել պաշտոնյային: Ողբերգության մեղավորները ձերբակալված են: Հետաքննությունը փորձում է պարզել՝ միջադեպն արդյոք պատահական է եղել, թե վարորդը դիտավորյալ է վրաերթի ենթարկել քաղաքապետին: Ինչպես նշում է ռադիոկայանը, Ժան-Մատիե Միշելը կոմունայի քաղաքագլուխն էր 1983 թվականից: Նրա հիշատակին կխոնարհվեն մերձակա 153 կոմունաների եւ քաղաքների դրոշները:
«Բառեր չեմ գտնում՝ արտահայտելու այն, ինչ ես զգում եմ, Ժան-Մատիե Միշելը մահացել է իր մանդատը կատարելիս՝ հանուն իր կոմունայի եւ պետական ծառայության, հանրապետության հանդեպ տածած սիրո»,-միջադեպը մեկնաբանել է Տուլոնի (դեպարտամենտի մայրաքաղաքի) քաղաքագլուխ Ուբեր Ֆալկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: