Բաժիններ՝

Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը հավակնում է դառնալ 20 տարվա ընթացքում լավագույնը

Համահայկական ամառային խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ 7-րդ խաղերը լինելու են լավագույններից, իսկ բացման արարողությունը, Զաքարյանի կարծիքով, հավակնում է դառնալ խաղերի 20-ամյա պատմության ընթացքում լավագույնը: Ինչպես Արցախից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Զաքարյանն ասաց օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում:

«Համահայկական 7-րդ խաղերին մասնակցում է 35 պետություն և 161 քաղաք: 17 մարզաձև է, 105 կոմպլեկտ մեդալ է խաղարկվելու: Արցախում լինելու է խաղերի բացման արարողությունը, և 5 մարզաձև մինչև ամսի 7-ի օրվա ավարտը: Ամսի 8-ից պատվիրակությունները կտեղափոխվեն Երևան: Օգոստոսի 9-ից կսկսվի խաղերի երկրորդ մասը, օգոստոսի 17-ին հանդիսավոր փակումը տեղի կունենա Թատերական հրապարակում: Արցախի հանգամանքն է բացառիկ, որովհետև Արցախում անցկացնելն ուներ որոշակի բարդություն, կային նաև որոշակի ռիսկեր, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ անցյալում է, և այս խաղերը լինելու են Համահայկական խաղերի 20-ամյա պատմության լավագույն խաղերից, իսկ բացման արարողությունը կարող է լինել նաև լավագույնը: Բացման արարողությունը շատ գեղեցիկ է լինելու»,- ասաց Զաքարյանը:

Իշխան Զաքարյանը նշեց, որ խաղերին մասնակցելու համար ժամանել է շուրջ 5244 հոգանոց պատվիրակություն: Արցախ են ժամանել նաև մարզիկների հարազատներն ու սփյուռքից հյուրեր, ովքեր կմասնակցեն խաղերի բացման արարողությանը:

7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ավանդույթի համաձայն, այն կվարի Կարեն Գիլոյանը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս