Լոնդոնը պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի շուրջ նոր գործարքի պարամետրերը. Reuters
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով բրիտանական նախարարների կաբինետի մի աղբյուրի:
«Մենք ցանկանում ենք գործարք կնքել: Ցավալի է, որ նրանք չեն ցանկանում բանակցություններ վարել մեզ հետ: Այն փաստը, որ ԵՄ-ի կազմից դուրս գալու համաձայնագիրը Համայնքների պալատի կողմից մերժվել է ձայների մեծ գերակշռությամբ, նշանակում է, որ եթե նոր գործարքը կնքվի էլ, ապա նրանք պետք է պատրաստ լինեն նախորդի վերանայմանը: Մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք դա անել»,-ասել է աղբյուրը:
Մինչդեռ Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների: Այդ մասին գրում են Daily Telegraph-ը եւ Guardian-ը, որոնց հայտնի են դարձել Եվրահանձնաժողովի պաշտոնյաների եւ Եվրամիության 27 երկրների այն դիվանագետների միջեւ հանդիպման մանրամասնությունները, որոնք պատասխանատու են «բրեքսթի» համար:
Ինչպես նշում են հրատարակությունները, բառացիորեն մինչեւ անցյալ շաբաթ Բրյուսելում իշխում էր այն կարծիքը, թե հոկտեմբերին «բրեքսիթին» նվիրված հերթական գագաթնաժողովում Բրիտանիան կխնդրի հերթական հետաձգման մասին:
Բայց անցյալ շաբաթ Բորիս Ջոնսոնի հատուկ խորհրդական Դեւիդ Ֆրոսթի հետ կայացած հանդիպումից հետո Եվրամիության ներկայացուցիչների համար ակնհայտ է դարձել, որ Բրիտանիան չունի ոչ մի «Բ» պլան, զիջումների ոչ մի պատրաստակամություն, այլ կա սոսկ «Ա» պլանը՝ «անպայմանագիր բրեքսիթը»:
Բրյուսելը զարմանք է ապրում, որ մինչ օրս երկրի նոր վարչապետը չի հանդիպել ո՛չ Եվրամիության ղեկավարներից որեւէ մեկի, ո՛չ էլ ԵՄ-ի երկրների ղեկավարության հետ, ինչը, նրանց կարծիքով, նրա՝ փոխզիջումներին պատրաստ չլինելու նշան է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: