Վրաստանում երկաթուղու գործադուլավոր շինարարները փակել են թունելի մուտքը
Կվիշխեթիում (Խաշուրիի մունիցիպալիտետ) կառուցող երկաթուղային թունելի շուրջ 70 շինարարներ (թունելը միացնում է Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը) փակել են թունելի մուտքը՝ ամբողջությամբ կանգնեցնելով աշխատանքային գործընթացը: Այդ մասին«Sputnik Վրաստան»-ին հայտնել է գործադուլավոր Գիա Մչեդլիշվիլին:
Արեւելյան Վրաստանում երկաթուղու շինարարներն արդեն երրորդ օրն է՝ գործադուլ են անում: Հիմնական պահանջներն են՝ ապահովել իրենց աշխատանքի անվտանգ պայմաններ, ժամանակին արձակուրդ տրամադրել եւ օրական աշխատավարձը բարձրացնել 10 լարիով (շուրջ 3,5 դոլարով):
Այսօրվա դրությամբ աշխատողները 20 լարի են ստանում մեկ աշխատանքային օրվա համար: «Թունելը փակ է, բոլոր աշխատանքները դադարեցված են: Մենք ոչ ոքի չենք թողնում մտնել օբյեկտ: Մենք 780 լարի (շուրջ 270 դոլար) աշխատավարձ ենք պահանջում 26 աշխատանքային օրվա համար, չնայած այն բանին՝ զբաղված կլինենք այդ բոլոր օրերին, թե ոչ:
Մեկ աշխատանքային օրվա համար եղել է 20 լարի, մենք պահանջում ենք ավելացնել 10 լարիով»,- ասել է Մչեդլիշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում գործադուլավորների ներկայացուցիչը բանակցություններ է վարում ընկերության ղեկավարության հետ:
Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, բողոքի գործողությունը կշարունակվի եւ աշխատանքային գործընթացը կընդհատվի: Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղային տեղամասի շինարարությամբ, որի ընդհանուր երկարությունը կազմում է 40 կիլոմետր, զբաղվում է «Չինական երկաթուղու 23-րդ բյուրո» ընկերությունը: Ճանապարհը կառուցվում է 2010 թվականից:
Ըստ վերջին տեղեկությունների, Կվիշխեթիի երկաթուղային թունելի բոլոր գործադուլավոր շինարարներն ազատվել են աշխատանքից: Այս որոշումը շուրջ 70 գործադուլավորներն ընդունել են այն բանից հետո, երբ աշխատողների եւ չինական ընկերության միջեւ բանակցությունները ձախողվել են, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ: