Աղիքային վարակներով դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է. ԱՆ խորհուրդները

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում:

Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ`  արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում:

Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում:

Համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն):

Աղիքային վարակների բարդություններից խուսափելու, ինչպես նաև դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
  • բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,
  • պատահական վայրերից սունկ չգնել, գնված սունկը լվանալիս լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
  • չլողալ կասկածելի ջրամբարներում,
  • եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության ինչպես քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման:

Տեսանյութեր

Լրահոս