Թալիբները հայտարարել են Աֆղանստանի շուրջ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների հաղթահարման մասին
Կատարում կայացած բանակցություններում ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լուծել են բոլոր տարաձայնությունները Աֆղանստանում հաշտության հաստատման, այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու եւ ծայրահեղական այլ խմբավորումների հետ շփումներից թալիբների հրաժարվելու շուրջ: Այդ մասին AP-ին հայտնել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:
Մանրամասները նա չի բացահայտել: Բանակցություններին մասնակցած ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Twitter-ում գրել է, որ Կատարում մի քանի օր տեւած քննարկումների արդյունքում «հիանալի առաջընթաց» է ձեռք է բերվել:
Դիվանագետի խնդիրն է՝ «գտնել Աֆղանստանում 18-ամյա զինված հակամարտության խաղաղ կարգավորումը՝ Ամերիկայի մասնակցությամբ. գերակա նպատակների թվում են՝ կազմակերպել ներաֆղանական բանակցային գործընթացը եւ հասնել մշտական հրադադարի: Աֆղանստանի կառավարությունը Կատարի բանակցություններին չի մասնակցել, քանի որ թալիբները հրաժարվում են ուղղակիորեն շփվել ԱՄՆ-ի «խամաճիկների հետ», նշում է AP-ն: Ներկայում շարժման հսկողության տակ է մնում Աֆղանստանի տարածքի գրեթե կեսը, իսկ նրա զինյալները գրեթե ամեն օր ահաբեկչական գործողություններ են կատարում, չնայած շարունակվող բանակցություններին:
Աֆղանստանում այժմ գտնվում է ՆԱՏՕ-ի շուրջ 20 հազար զինծառայող, այդ թվում՝ 14 հազար ամերիկացիներ: Մարտական գործողություններին մասնակցելուց նրանք հրաժարվել են 2014 թվականին, բայց առայժմ երկրում են մնում տեղական բանակին ուսուցանելու եւ պատրաստելու համար: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս ցանկություն է հայտնել զորքերը դուրս բերել Աֆղանստանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: