
Պենտագոնի ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում. Reuter

ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Անկեղծ ասած՝ մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած միակողմանի գործողություն»,-հայտարարել է Էսփերը լրագրողներին, որոնք նրան ուղեկցել են Տոկիո այցի ընթացքում:
Պենտագոնի ղեկավարը նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին:
«Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (սիրիացի քրդերի զինված կազմավորումներ) փոխադարձ շահերին Սիրիայի հյուսիսում»:
Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արեւելք, ռազմավական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրությունից եւ անընդունելի է համարում այդօրինակ գործողությունները:
Ինչպես օգոստոսի 4-ին հայտարարել է Sky News Arabia հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը գործողություն կիրականացնի Սիրիայում՝ Եփրատից արեւելք ընկած շրջանում: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ մասին ծանուցել է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Ենթադրվող գործողությունն սկսելու ժամկետի մասին Թուրքիայի նախագահը չի հայտնել: Եփրատից արեւելք ընկած տարածքը ներկայում վերահսկվում է ինքնապաշտպանության քրդական ջոկատների կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: