Իջևանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշ բեռնատար է կանգնեցվել
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 4-ն անց 30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Իջևանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշ բեռնատար կանգնեցրին: Արտաքուստ ոչինչ չէր երևում: Բեռնախցիկը կնիքված էր:
29-ամյա վարորդը, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղից էր, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու` հայտնեց, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հետագա միջոցառումներով պարզվեց` փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվեց բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել:
Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերեցին նաև 245 պարկ փայտածուխ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: