Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի վայրից մեքենան փախցրած անձը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել էր և ձերբակալվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով: Հայտնաբերվել էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: