
Առնվազն ութ մարդ է զոհվել Չինաստանում մոլեգնող հեղեղումների հետևանքով. SINA

Առնվազն ութ մարդ է զոհվել Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան) հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է SINA լրատվական պորտալը: Նրա տվյալներով՝ տեղատարափն սկսվել է օգոստոսի 6-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 04:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին) Շիյան քաղաքում:
Հանկարծակի առաջացած հեղեղումների հետեւանքով ավերվել է առնվազն 19 բնակելի շենք, կաթվածահար է եղել քաղաքի տրանսպորտային համակարգը, առանձին շրջաններում անջատվել է էլեկտրականությունը: Ինչպես նշում է SINA-ն, տեղումների հետեւանքով գյուղերի բազմաթիվ բնակիչներ, որոնք աշխատում են քաղաքում, չեն կարողանում տուն վերադառնալ:
Հաղորդվում է, որ տեղական իշխանություններն արդեն հայտարարել են վտանգի կարմիր՝ ամենաբարձր մակարդակ՝ նկատի առնելով հորդառատ անձրեւներն ու դրանց հետ կապված հեղեղումները եւ գետերում ջրի մակարդակի բարձրանալը: Պորտալի տեղեկատվության համաձայն, աղետի շրջանում ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: