«Ստամբուլյան կոնվենցիայի միջոցով, դարանակալ մեր թշնամիները արշավ են սկսել՝ արմատից վերացնելու հայի հենց այդ տեսակը»
ԿՈՉ
Հայրենիքի համար զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին,
Երկրապահ Կամավորականների Միության առաջնորդներին, անդամներին
ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներին, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ հրամանատարներին, սպաներին և զինվորներին.
Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
մարդկային քաղաքակրթության ակունքներից հայ մարտիկի կերպարը հայտնի է մարդկությանը: Պատմության բոլոր ոլորաններում հայ մարտիկը զարմացրել է իր նվիրումով, քաջությամբ, սկզբունքայնությամբ ու հնարամտությամբ:
Ոչ միայն հայրենիքի, այլ նաև հին ու նոր կայսրությունների բանակներում և բոլոր արդար ու նվիրական դատերի պաշտպանության մեջ հայ ազատամարտիկի տիպարը հանրահայտ է՝ սկսած նախապատմական թե դասական պատմության օրերից մինչև այսօր:
Սակայն այսօր, Ստամբուլյան կոնվենցիայի միջոցով, դարանակալ մեր թշնամիները արշավ են սկսել՝ արմատից վերացնելու հայի հենց այդ տեսակը:
Հայի տեսակը, նրա մշակույթը, հասարակական կառուցվածքը՝ բնափոխելով, փորձ է արվում ի բնե ստրկացնել մեր ժողովրդին:
Մենք երդվել ենք թույլ չտալ նման բան և Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնության անունից սույնով դիմում ենք Ձեզ, կոչ անելով Ձեզնից յուրաքանչյուրին, միանալ մեր շարժմանը:
Մեր պարտքն է առաջիկա օրերին և շաբաթներին համախմբել հայությանը գերագույն մեկ սկզբունքի ներքո, այն է՝ անառիկ դարձնել հայկական ավանդական ընտանիքի հիմքը, որովհետև հենց այնտեղ է ծնվում հայ հերոսական մարտիկի կերպարը:
Այս պայքարում չկան նեղ անձնական, կուսակցական, փառքի կամ նյութական շահեր, սա յուրաքանչյուր հայի պայքարն է՝ հանուն հայկական հազարամյա արժեքների և հետևաբար գոյությանը:
Սպասում ենք բոլորիդ՝ լեգենդար առաջնորդներ ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ շարքային զինվորներ, Բեռլինն ազատագրող վետերաններից մինչև ապրիլյան պատերազմի հերոսներ, վետերանների միությունների առաջնորդներ և առօրյա կյանքով ապրող անանուն նվիրյալներ, տեր կանգնեք Ձեր պահպանած ավանդությանը, հայ մարտիկի նվիրական կերպարին, հենց այսօր, վաղն արդեն ուշ կլինի:
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնություն
Երևան
5 Օգոստոս 2019