
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի

Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
«Իրանը հանդես է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում էերկխոսություն վարել, նա պետք է նախեւառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,-Ռոուհանիի խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը: Իրանի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ իր երկրի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»:
«Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն Է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,-նրա խոսքը օգոստոսի 6-ին փոխանցել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը «ռազմավարական սխալ» է համարել ԱՄՆ-ի դուրս գալը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: