Բաժիններ՝

Ճապոնիայում հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում. ուղիղ 74 տարի առաջ ամերիկյան В-29 Enola Gay ռմբակոծիչն ատոմային ռումբ նետեց քաղաքի վրա:

1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուներն ատոմային ռումբեր նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա: Ատոմային պայթյունից եւ դրա հետեւանքներից Հիրոսիմայում 350-հազարանոց բնակչությունից զոհվեց 140 հազար, Նագասակիում՝ 74 հազար մարդ: Ատոմային ռմբակոծումների զոհերի ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին:

Հիշատակման արարողություններն սկսվել են տեղական ժամանակով 08:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին) Խաղաղության զբոսայգում: Ուղիղ 08:15-ին (Երեւանի ժամանակով 03:15-ին)՝ այն ժամանակ, երբ 600 մետր բարձրության վրա Հիրոսիմայի երկնքում պայթեց, տարբեր տվյալներով, 13-ից մինչեւ 18 կիլոտոննա հզորությամբ ատոմային ռումբը, սկսվեց լռության րոպեն:

Հիրոսիմայի օրվա առթիվ, որը միջազգային հանրակցությունը նշում է որպես Հանուն միջուկային զենքի արգելման պայքարի համաշխարհային օր, հիշատակման արարողություններին մասնակցել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Հիրոսիմայի քաղաքագլուխ Կաձումի Մացուին, Ճապոնիայի իշխանությունների ներկայացուցիչներ եւ դիվանագետներ 90 երկրներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս