Բաժիններ՝

«Հայկ Մարությանի փոխարեն լինեի, ինքս կգնայի և գիշերները կզբաղվեի աղբահանությամբ, որպեսզի ցերեկը կարողանայի մարդկանց աչքերին նայել».  Մարինա Խաչատրյան

«Հանրապետությունում համաճարակաբանական ամենախայտառակ վիճակը Երևան քաղաքում է. ոչ միայն աղբահանության խնդիր է, այլև ընդհանրապես քաղաքը կեղտոտ է, քաղաքում բացակայում է կանաչապատումը, ջրի բացակայության պատճառով ունենում ենք հրդեհներ, այս ամենն ազդում է մեր օդի աղտոտվածության վրա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի ավագանու նախկին անդամ, փորձագետ Մարինա Խաչատրյանը:

Մ. Խաչատրյանը նշեց նաև, որ աղբահեռացումից հետո չի կատարվում մաքրման-ախտահանման աշխատանքներ, և կենդանիները տեղափոխում են վտանգավոր մանրէներ. «ՀայկՄարությանի փոխարեն լինեի, ինքս կգնայի և գիշերները կզբաղվեի աղբահանությամբ, որպեսզի ցերեկը կարողանայի մարդկանց աչքերին նայել»:

Ըստ փորձագետի՝ այդ ամենը միտումնավոր է արվում:

168.am-ի հարցին՝ թե ինչու, նա պատասխանեց. «Ես չեմ մոռացել՝ ինչպես էր Արսեն Թորոսյանը սպառնում, որ Հայաստանում լինելու է կարմրուկի համաճարակ:

Միտումնավոր էպիդեմիա են հրահրում:

Այս մարդիկ պարզապես գործ չեն անում. նույն Առողջապահության նախարարը փոխանակ զբաղվի այդ հարցով, ծննդկանների մահվան հարցերով, առողջապահական լուրջ հարցերով, զբաղված է Ստամբուլյան կոնվենցայի գովազդով:

Ո՞ւր է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավարը, ինչո՞վ են զբաղված, մեր էպիդեմիոլոգները, ինչո՞ւ չեն բարձրաձայնում»:

Մ. Խաչատրյանը վստահ է, որ կգտնի փաստեր, որոնք կապացուցեն, որ արվածը միտումնավոր է. «Օդում պտտվող լուրեր կան, որ նույն Հայկ Մարությանը որոշակի ֆինանսական փոխհարաբերությունների մեջ է գտնվում «ՍանիՏեքի»  հետ.  երբ կփաստաթղթավորեմ, կներկայացնեմ հանրության դատին»:

Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն իրավիճակը պայմանավորեց կառավարման սխալներով.

«Մեր երկրի կառավարման այս ապաշնորհ, Երևան քաղաքի անպատասխանատու կառավարման հետևանքով առաջացել է մեծ խնդիր. այսօր ունենք պայթյունավտանգ համաճարակային իրավիճակ: Օրգանիկ աղբի նման կուտակումը աղբյուր է հանդիսանում տարբեր միջատների, կրծողների, մասնավորապես՝ առնետների և մկների ու թափառող կենդանիների կուտակումների համար, որոնք մի շարք հատուկ հիվանդությունների տարածող են»:

Գ. Գրիգորյանը, ի թիվս այլ հիվանդությունների, խոսեց նաև մալարիայի բռնկման վտանգի մասին:

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս