Վարչապետը տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», – ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին, բարեմաղթանքներ հղել նրանց ծնողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև քայլել են Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցի հաջորդ կանգառը Խնձորեսկի գյուղապետարանն էր, որտեղ նրանց ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և նրա տիկինը զրուցել են բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։ Ապա գյուղապետաանի բակում տեղի է ունեցել «Կինը կժով» շատրվանի բացման հանդիսավոր արարողությունը, ներկայացվել են ցուցադրական ելույթներ։ Վարչապետը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի նահատակների հուշակոթողին և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակին նվիրված հուշակոթողին։

Վարչապետ Փաշինյանը նաև այցելել է Սպարապետի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Խնձորեսկում անցկացվող էքսպո-ցուցահանդես, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

Տեսանյութեր

Լրահոս