«Ծախսերի մոտ 350 մլն դոլարի թերակատարումը կես տարվա համար ահռելի է, դա փաստացի չկատարված ներդրում է տնտեսության մեջ». Մանե Թանդիլյան
«Թեև այս տարի առաջին կիսամյակում ունեցել ենք վճարված հարկերի աճ նախորդ տարվա համեմատ, սակայն ծախսերն էականորեն թերակատարվել են։ Սա արդեն առաջացնում է լուրջ խնդիրներ տնտեսության համար, քանի որ ավել վճարված հարկերը հետ չեն վերադառնում տնտեսություն՝ առաջացնելով զարգացման խոչընդոտ։ Սրա ապացույցն է նաև այն, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը մի քանի անգամ քիչ է բյուջետային եկամուտների աճից։ Ծախսերի թերակատարման մեջ շատ կարևոր է կապիտալ ծախսերի խայտառակ ցածր մակարդակը, ինչը տնտեսության զարգացման և բարեփոխումների գլխավոր գրավականն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով բյուջեի կատարողականի կիսամյակային ցուցանիշներին:
2019 թ. առաջին կիսամյակում, հիշեցնենք, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 758.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 636.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար՝ 106.6%‑ով և 79.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:
Ըստ Մ.Թանդիլյանի՝ մեր երկիրը լուրջ խնդիր ունի ենթակառուցվածքների զարգացման մասով և այդ մասով ոչ միայն առկա եկամուտների, այն նաև նույնիսկ փոխառու միջոցների հաշվին արագ ծրագրերի իրականացման անհրաժեշտություն կա.
«Հակառակ պարագայում այս ամենի պահպանումը տնտեսության զարգացման համար բերելու է երկարաժամկետ վտանգների։ Ծախսերի մոտ 350 մլն դոլարի թերակատարումը կես տարվա համար ահռելի է, դա փաստացի չկատարված ներդրում է տնտեսության մեջ։ Եվ ներդրումների խրախուսման համար, առաջին հերթին՝ հենց պետությունը պետք է օրինակ ծառայի՝ որպես ներդրումների լոկոմոտիվ»։