«Ուղղակի ադրբեջանական պատվեր է, որն ուղղված է ֆիզիկապես ոչնչացնելու Արցախի հերոսին». փաստաբան
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ է, իսկ միջգերատեսչական հանձնաժողովը դանդաղ է իր գործը կատարում: 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 18-ի նիստին մեղադրող դատախազները միջնորդություն էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար, ինչի համար ձևավորվել էր միջգերատեսչական հանձնաժողով:
«Միջգերատեսչական հանձնաժողովը դանդաղ է իր գործն անում, այն աստիճանի դանդաղ, որ անհասկանալի է՝ երբ կսկսեն, երբ կավարտեն: Եվրոպական դատարանում կա վարույթ` անհապաղ միջոց կիրառելու համար: Գործը քննող դատավորը հերթական արձակուրդի մեջ է, ինչն ավելի է բարդացնում մեր ջանքերը՝ խափանման միջոցի հետ կապված, որովհետև մեր պարագայում, գիտեք, մարդը հիվանդ է, խափանման միջոցները պետք է անընդհատ ներկայացվեն, որպեսզի կյանքը փրկենք»,- մեզ հետ զրույցում գործով վերջին զարգացումները ներկայացրեց Ա. Մկրտչյանը:
Նա հավելեց, որ Մանվել Գրիգորյանի դեպքում ուղղակի ինքնանպատակ չէ խափանման միջոցի կիրառումը. «Ուղղակի ադրբեջանական պատվեր է, որն ուղղված է ֆիզիկապես ոչնչացնելու Արցախի հերոսին:
Մենք այս պարագայում ներպետական բոլոր միջոցները կուզենայինք օգտագործել, ինչի հնարավորությունն արհեստականորեն մեզ չի տրվում»:
Զարուհի Դիլանյան