Թուրքական և ամերիկյան կողմերը օգոստոսի 5-ին քննարկեն Սիրիայում «անվտանգ գոտու» թեման
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում «անվտանգ գոտի» ստեղծելու թեման քննարկելու նպատակով օգոստոսի 5-ին Անկարայում թուրքական իշխանությունների և ԱՄՆ-ի զինվորական պաշտոնյաների միջև տեղի կունենա հանդիպում:
Այս մասին հայտնում է թուրքական «timeturk» լրատվամիջոցը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ ամերիկյան պատվիրակությունը Թուրքիա է ժամանելու օգոստոսի 4-ին՝ «անվտանգ գոտի» ստեղծելու թեման թուրքական իշխանությունների հետ քննարկելու նպատակով:
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: