Բաժիններ՝

«Մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այս մասին Մարությանը հայտնեց 1in.am-ին տված հարցազրույցում:

Մարությանն, անդրադառնալով «Սանիթեք» ընկերության հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն մտքին, թե ընկերության և քաղաքապետարանի միջև ընթացող բանակցությունները դադարել են, նշեց, որ դրանք ընթացել են մինչ այն պահը, երբ ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլը գտնվել է Երևանում:

«Բանակցություններն ընթանում էին հենց առաջին օրվանից, երբ ես արդեն ստանձնել էի քաղաքապետի պաշտոնը: Բնականաբար, այդ պահին առաջնահերթ խնդիրը, որ առկա էր քաղաքում, դա աղբահանությունն էր: Մինչև մայիսի վերջ պարոն Նիկոլասը եղել է Երևանում, մենք հանդիպել ենք, բանակցությունները կանգ չեն առել: Մանրամասն քննարկվել են բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները: Ընդամենը 2-3 շաբաթ առաջ իրենց ներկայացուցիչը եկել է քաղաքապետարան, մենք խոսել ենք, խնդրել ենք ներկայացնել ֆինանսական փաստաթղթերը, որպեսզի տեսնենք, թե ինչու են իրենք վատ ֆինանսական վիճակում»,- նշեց քաղաքապետը:

Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանի աղբահանության խնդիրն ինքը ժառանգել է նախորդ իշխանությունից, այն ժամանակ ևս «Սանիթեք»-ն իր տրամադրության տակ եղած շարժակազմով չի կարողացել լուծել մայրաքաղաքի աղբահանության հարցը:

«Իրենք ուղղակի չեն կարող կատարել իրենց աշխատանքը: Այն շարժակազմով, որն իրենք ունեն այս պահին, դա չեն կարող անել: Թե ինչու է այնպես եղել, որ այս շարժակազմն ու աղբամանների վիճակն ու քանակը կա, դա չեմ կարող ասել: Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»,- ասաց Մարությանը:

Հայկ Մարությանը անհասկանալի համարեց նաև «Սանիթեք»-ի ղեկավարության հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան: Մարությանը նշեց, որ իրենք պատրաստվում են մաքրել Երևանը՝ «Սանիթեք»-ի հետ, թե առանց «Սանիթեք»-ի:

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս