
ՀՀ դեսպանը հանդիպել է Քուվեյթի մշակույթի ազգային խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հուլիսի 31-ին հանդիպել է Քուվեյթի Պետության մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քամել ալ Աբդուլ Ջալիլի (Kamel Al Abdul Jalil) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր քարտուղարը, ջերմորեն ողջունելով ՀՀ դեսպանին և մեծապես կարևորելով մշակութային ոլորտում ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, հայտնել է քուվեյթյան կողմի պատրաստակամությունը բոլոր հնարավոր ուղղություններով աջակցելու մշակութային նախաձեռնությունների իրականացմանը։
Դեսպան Բաղդասարյանն անդրադարձել է Ազգային խորհրդի հետ կատարված արդյունավետ աշխատանքին և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կյանքի կոչել մի շարք համատեղ մշակութային նախաձեռնություններ։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ: