
Սիրիայի շուրջ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերին

Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը պլանավորված է 2019 թվականի սեպտեմբերին: Այդ մասի հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասգար Հաջին մամուլի ասուլիսում:
«Հաջորդ ամսվա ընթացքում, ամսաթիվը դեռեւս որոշված չէ, մենք կանցկացնենք գագաթնաժողով, որտեղ կքննարկենք վերջին փոփոխությունները եւ մեր ձեռքբերումները»,-ասել է նա: Ավելի ուշ, պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, Ալի Ասգար Հաջին ճշտել է, որ, իր կարծիքով, «դա կլինի սեպտեմբերի երկրորդ կեսը»:
Սիրիային շուրջ բարձր մակարդակի միջազգային հանդիպումն անցկացվել է օգոստոսի 1-2-ին Նուր Սուլթանում: Դրան մասնակցել են երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա), Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդներ բանակցություններին հրավիրված էին ՄԱԿ-ի, Հորդանանի, ինչպես նաեւ Լիբանանի ու Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք առաջին անգամ են մասնակցել Աստանայի բանակցային գործընթացին: