
ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրանական նավթի արտահանման անկման են հանգեցրել հուլիսին. Փոմպեո

Իրանական նավթի արտահանումը հունիսին եւ հուլիսին օրական 500 հազար բարելից պակաս է կազմել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների արդյունքում, ինչը վկայում է Սպիտակ տան քաղաքականության արդյունավետության մասին: Այս պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ օգոստոսի 2-ին ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա 52-րդ հանդիպման շրջանակում, որն ընթանում է Թաիլանդում։
«Նախքան պատժամիջոցների սահմանումը Իրանն արտահանում էր օրական 2,7 մլն բարել նավթ: Հունիսին եւ հուլիսին այդ ցուցանիշը եղել Է 500 հազար բարելից ցածր»,-նշել է Փոմպեոն: Նրա խոսքով՝ այդ թվերը ցույց են տալիս ԱՄՆ-ի կողմից հայտարարված «սահմանափակիչ միջոցառումների արդյունավետությունը»:
«Մենք առաջիկայում էլ սահմանափակիչ միջոցներ կկիրառենք այն ընկերությունների ու պետությունների դեմ, որոնք խախտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը»,-ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: