ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ավստրալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը հուլիսի 30-ին հանդիպել է Ավստրալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ավստրալիայի իշխող Ազատական կուսակցության անդամ Էրիկ Աբեթսի հետ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ սենատոր Աբեթսի ջանքերը՝ կարևորելով նրա հետևողական դիրքորոշումը մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտման և դրանց կրկնության կանխարգելման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը զրուցակցին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի իշխանությունների դիրքորոշումը՝ տարածաշրջանում վերջնական և տևական խաղաղության հաստատման շուրջ։ ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախում անկախ և ժողովրդավարական պետականության կերտման, ինչպես նաև տարբեր մակարդակներով արտաքին հարաբերությունների զարգացման գործընթացներում արձանագրված ձեռքբերումներին ու հեռանկարներին։
Այս համատեքստում նախարար Մասիս Մայիլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության մակարդակով տարբեր երկրների հետ հաստատված հարաբերությունները, որոնք հնարավորություն են ընձեռում արտերկրում բարձրացնել իրազեկվածությունը Արցախի և նրա ժողովրդի օրինական ձգտումների և երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների մասին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։