Դատարանը բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասը կվաճառվի
Այսօր Պետական եկամուտների իրավաբանական վարչությունը գրություն էր ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ ՊԵԿ-ը դատարանից խնդրում էր Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը մի մասով վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը գույքի իրացում կատարի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ստացած գումարն ուղղի պետական բյուջե՝ որպես հարկային պարտավորությունների կատարում։
Խոսքն «Արա և Այծեմնիկ» Բաց բաժնետիրական ընկերության մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից դրված է կալանք։
Չնայած Մանվել Գրիգորյանի փաստաբանական խումբը հայտարարեց, որ նման խնդրանքով դատարանին դիմելն իրավաչափ չէ, այդուհանդերձ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը։
«Դատարանը որոշեց «Արա և Այծեմնիկ» Բաց բաժնետիրական ընկերության գույքի վրա դրված արգելանքը նշված շարժական և անշարժ գույքի մասով վերացնել»,- նշեց դատավոր Մարտիրոսյանը։
Զվարթ Խաչատրյան