ՌԴ-ի հինգ տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել անտառային հրդեհների պատճառով
Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 2,7 միլիոն հեկտար, ինչը 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկրի հինգ տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է երկրի բնական պաշարների նախարար Դմիտրի Կոբիլկինը: Բնական պաշարների նախարարը հուլիսի 30-ին զեկուցմամբ ներկա էր փոխվարչապետերի հետ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խորհրդակցությանը։
«Տարածաշրջանային արտակարգ դրություն է սահմանվել ՌԴ-ի հինգ սուբյեկտում, առավել բարդ իրադրություն է Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում, Սախայի (Յակուտիա) եւ Բուրյաթիայի հանրապետություններում: Անտառային հրդեհների մակերեսը կազմում է 2,7 միլիոն հեկտար, ինչը 12 տոկոսով ավելի է անցյալ տարվա մակարդակից»,- ասել է Կոբիլկինը:
Նա նաեւ նշել է, որ հարեւան տարածաշրջաններից կրակի տարածում թույլ չտալու նպատակով արդեն Կրասնոյարսկի երկրամաս է ուղարկվել 100 մարդ՝ պրոֆեսիոնալ դեսանտայիններ, եւս 100 մարդու պատրաստ են ուղարկելու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: